Կղերականությունը ձևախեղում է եղեղեցին
Radio Vaticana-ն հաղորդում է, որ Հռոմի պապը Լատինական Ամերիկայի պապական հանձնաժողովի նախագահ կարդինալ Մարկ ՈՒելին հղած ուղերձում արձանագրել է, որ հովիվը երբեք չպետք է աշխարհիկ մարդուն ուղղորդի, թե նա ինչ պետք է ասի ու անի տարբեր ասպարեզներում: Աշխարհիկ մարդիկ հոգևորականներից շատ ավելին ու շատ ավելի լավ գիտեն այս ամենը՝ նշում է պապը՝ խոսելով հոգևորականների ու աշխարհիկների հարաբերությունների հավասարակշռության և հոգևորականների «գայթակղության» մասին, որ խախտում են այդ հավասարակշռությունը՝ հանգեցնելով սխալների ու խեղումների: Առավել «մեծագույն խեղումներից» նա համարում է կղերականությունը, որ ստվերելով «քրիստոնեական անհատականությունը» և «նվազեցնելով Մկրտության խորհուրդը», ստեղծում է յուրատեսակ «աշխարհիկների էլիտա», որոնց թվում բացառապես հոգևորականների աշխատակիցներն են: Պապն ընդգծում է, որ դա չգիտակցելով՝ «մենք մոռացել ենք հավատացյալի մասին, որ հաճախ այրում է հույսը հավատով ապրելու ամենօրյա պայքարի մեջ: Կղերականությունը ի վիճակի չէ տեսնել այս իրավիճակները, որովհետև մտահոգված է տարածության վրա գերիշխելով, ոչ թե գործընթացներ ստեղծելով»: Պապը հիշեցնում է՝ երբեք չի կարելի մոռանալ, որ «մեր առաջին և հիմնական օծյալությունը հենվում է մեր մկրտության վրա: Ոչ ոք չի մկրտվել իբրև հոգևորական կամ եպիսկոպոս: Մկրտության խորհրդով մենք աշխարհիկներ ենք դարձել և դա անջնջելի հետք է թողել, որ ոչ ոք ու երբեք ի զորու չէ ջնջել»: Այդ պատճառով «մենք պիտի լինենք մեր ժողովրդի հետ՝ ուղեկցելով ու խրախուսելով նրան գաղափարների որոնման մեջ, որ կարող են պատասխաններ տալ ընթացիկ խնդիրներին»: ՈՒշադրության կենտրոնում պահելով Աստծո ժողովրդի նույնականությունն ու իրականությունը «սոցիալական, հասարակական, քաղաքական կյանքի ամենակենտրոնում, մենք պետք է ընդունենք, որ աշխարհիկները հավատի կազմակերպման նոր ձևերի կարիք ունեն»:
Կոնֆլիկտը կարելի է դիտարկել իբրև Բաքվի նյարդայնության նշան դիսֆունկցիոնալ խաղաղության գործընթացից
Մեկ ամիս առաջ սկսվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ: Ադրբեջանը տարածքը համարում է մուսուլմանական աշխարհի մաս, չնայած հայերի մեծամասնությանը: Radio Vaticana-ին տված հարցազրույցում բրիտանական Միջազգային հարաբերությունների արքայական ինստիտուտի (Chatham House) աշխատակից Լոուրենս Բրոերսը պատմել է, որ 1994-ի պատերազմի ավարտից հետո խաղաղության համաձայնագիր չստորագրվեց, հաստատվեց հրադադար: 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին մի քանի փորձեր եղան խաղաղություն կնքելու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, բայց առանց շոշափելի արդյունքների: Փորձագետը նկատում է, որ հրադադարի ռեժիմն ինքնին վերցրած արտառոց է՝ իբրև ինքնակարգավորիչ ակտ՝ առանց խաղաղապահների ներկայության: Բրոերսը կարծում է, որ իրավիճակն ավելի ու ավելի անկայուն է դառնում: 2000-ականների կեսից նավթով հարուստ Ադրբեջանը օգտագործեց նավթի վաճառքից ստացված միջոցները սպառազինվելու համար՝ ստեղծելով «առավել պայթյունավտանգ իրավիճակ տեղում»: Կոնֆլիկտը կարելի է դիտարկել իբրև Բաքվի նյարդայնության նշան «դիսֆունկցիոնալ խաղաղության գործընթացից»: Լարվածության բռնկումը վկայում է, որ կոնֆլիկտը սառեցված չէ: Քանի դեռ իրավիճակը շտկված չէ, երկու կողմերն էլ ապրելու են «առավել զանգվածային սպանությունների վախով՝ էթնիկ զտումների շրջանակներում»:
Եթե սիրիական բանակը չի կարող մեզ փրկել, զենք տվեք մեզ
Ջիհադականները Ալեպոյի հայկական շրջանների վրա գրոհների շարք են սկսել՝ խախտելով հրադադարի համաձայնությունը՝ հաղորդում է AsiaNews-ը (Հռոմ)՝ 17 հայ է զոհվել՝ նրանց մեջ 3 երեխա և մեկ կին: Ռմբակոծություններից հրդեհ է բռնկվել, որ հնարավոր չէ հանգցնել ջրի բացակայության պատճառով: Սուլեյմանիի և Աշրաֆիեի բնակիչները կասկած չունեն, որ գրոհները «Թուրքիայի ուղղակի պատասխանն են հայոց ցեղասպանության 101-րդ տարեդարձի», որ նշվում է ապրիլի 24-ին: Ալեպոյում կարծում են, որ պատասխանատվությունը կրում են «Թուրքիայի աջակցությունն ունեցող իսլամական ահաբեկչական խմբավորումները»: Ալեպոյի հայերը Սիրիայի այս պատերազմում ամենաբարձր գինն են վճարել, բայց առաջին անգամ նրանք պահանջներ են ներկայացնում Բաշար Ասադին: Նրանք իրենց զայրույթն արտահայտում են ուղիղ եթերում՝ դիմելով նախագահին. «Հերիք է: Միայն խոստանում եք, որ քրիստոնյաներին պիտի պաշտպանեք, գործ արեք: Մենք հայեր ենք, Թուրքիան շարունակում է մեր ժողովրդի ցեղասպանությունը Ալեպոյում: Ինչո՞ւ չեք հեռացնում ահաբեկիչներին մեր քաղաքից: Չորս տարի է՝ դուք ոչինչ չեք անում, միայն խոսում եք: Եթե սիրիական բանակը չի կարող մեզ փրկել, զենք տվեք մեզ»:
400 000-ից ավելի տորագրություններ՝ ի պաշտպանություն քրիստոնյաների
Սիրիայի ու Իրաքի քրիստոնյաների պաշտպանության օգտին 400 000-ից ավելի ստորագրություն է հավաքվել ու փոխանցվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հաղորդում է Catholic News Agency (ԱՄՆ)՝ Նյու Յորքում մամլո ասուլիսում հաղորդել է CitizenGO իրավապաշտպան խմբի նախագահ Իգնասիո Արսուագան: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին խնդրում են ճնշում գործադրել Անվտանգության խորհրդի վրա՝ ընդունելու քրիստոնյաների և մյուս կրոնական փոքրամասնությունների ցեղասպանությունը ԻՊ-ի կողմից և ստեղծելու ցեղասպանության զոհերի պաշտպանելու ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ: Հայտարարության հեղինակները պետություններին կոչ են անում «գործել՝ դադարեցնելու համար պատերազմը Սիրիայում» և օգնել Իրաքի ու Սիրիայի փախստականներին իրենց տները վերադառնալ:
Հ.Գ. Հոգևորականները կհասկանա՞ն պապին, որ ասում է՝ ոչ ոք չի մկրտվել իբրև հոգևորական կամ եպիսկոպոս: Բոլորն իբրև աշխարհիկ մարդիկ են մկրտվել: Հավանաբար կդիմադրեն, որովհետև հակառակ դեպքում ստիպված են քայլեր ձեռնարկել աշխարհիկների հավատի կազմակերպման նոր ձևերի որոնման համար: Թարգմանաբար՝ Աստծուն մշտապես մեր կողքին ունենալը զգալու համար:
Զարմանալի է, չէ՞, կարդալ, որ Ղարաբաղը մուսուլմանական աշխարհի մաս է՝ թեկուզ Ադրբեջանի կարծիքով: Բայց ավելի զարմանալի է կարդալ, որ տարածքում մեծամասնությունը հայեր են: Մեզ թվում է, որ աշխարհը վաղուց ամեն ինչ լավ գիտի, իսկ պատկերացումները իրականում շատ աղոտ են:
Քրիստոնյաների ցեղասպանությունը Սիրիայում ու Իրաքում մնում է աննկատ՝ անգամ ՄԱԿ-ում հարցը չի բարձրացվում, ակներևաբար, «չխանգարելու» համար խաղաղության հաստատման գործընթացին, բայց ո՞ւմ համար է այդ խաղաղությունը լինելու, եթե սպանվում են տեղաբնիկները: Հընթացս պատերազմի լուծվում է նաև Մերձավոր Արևելքի լիակատար մուսուլմանացման մեծ խնդիրը՝ քրիստոնյաների ոչնչացումով, և ոչ ոք ուշադրություն չի դարձնում ու չի գնահատում հետևանքները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ